«Լիվերպուլը» կորուստ ունի «Արսենալի» դեմ գավաթային խաղից առաջ

«Լիվերպուլի» գլխավոր մարզչի օգնական Պեպ Լեյնդերսը հայտնել է, որ կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը բաց կթողնի անգլիական լիգայի գավաթի կիսաեզրափակչի «Արսենալի» դեմ պատասխան հանդիպումը։

«Երեկ խոսեցի Ալեքսի հետ, նա կարծում է, որ վնասվածքն այնքան էլ լուրջ չէ։ Մենք կհետևենք նրա վիճակին։ Չեմ բացառում, որ նա կարող է ընդգրկվել հանգստյան օրերին կայանալիք առաջնության հանդիպման հայտացուցակում, բայց նա հաստատ բաց կթողնի վաղը կայանալիք «Արսենալի» հետ խաղը»,- Լինդերսի խոսքերն է մեջբերում մերսիսայդցիների մամուլի ծառայությունը։

Օքսլեյդ-Չեմբերլենը կոճի վնասվածք էր ստացել հունվարի 16-ին կայացած Պրեմիեր Լիգայի՝ «Բրենթֆորդի» դեմ հանդիպմանը (3:0):

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա անգլիացին «Լիվերպուլի» կազմում անցկացրած 25 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։