«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշն ամփոփել է Չեմպիոնների Լիգայի՝ Կիևի «Դինամոյի» հետ հանդիպման արդյունքը (2:0).
«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել մեր թիմին Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։ Սա մեծ ձեռքբերում է մեզ համար։ Թեև, իհարկե, եթե «Բավարիան» չհաղթեր «Բարսելոնային», ամեն ինչ այլ կերպ կլիներ։
Առաջին խաղակեսում երկու գոլ խփեցինք ու ճնշում գործադրեցինք մրցակիցների վրա։ «Դինամոն» ուժեղ թիմ է, որտեղ 6 խաղացողներ կան Ուկրաինայի հավաքականից: Ինչպես Պորտուգալիան, այնպես էլ Ուկրաինայի հավաքականը կխաղա Աշխարհի առաջնության որակավորման փլեյ-օֆֆում։
Երկրորդ խաղակեսում «Դինամոն» վերահսկում էր խաղը և թույլ չէր տալիս մեզ հնարավորություններ ստեղծել։ Պետք էր դանդաղեցնել տեմպը, իսկ մեզ համար դժվար էր, քանի որ մենք սովոր չենք այդպես խաղալ։ Սակայն կատարված փոխարինումներից հետո մեր խաղը բարելավվեց։
Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալը շատ կարևոր քայլ է ցանկացած թիմի համար։ Եվ դա հատկապես կարևոր է, երբ «Բարսելոնայի» պես թիմին դուրս ես թողնում մրցաշարից: Այժմ մենք ավելի մեծ ուշադրության ենք արժանանալու։ Մեր նպատակը Չեմպիոնների Լիգայում հաղթելը չէ, բայց հավատում ենք, որ կարող ենք ավելի առաջ գնալ։
Ինչ վերաբերում է 1/8 եզրափակիչի վիճակահանությանը, ես նախապատվություն չունեմ. Բայց ես արդեն գիտեմ, որ մենք ունենալու ենք ուժեղագույն թիմերից մեկին՝ որպես մրցակից։ Հավատում եմ, որ կկարողանանք քառորդ եզրափակիչ դուրս գալ, ում հետ էլ մրցենք:
Հաշվի առնելով որակավորման փուլն ու խմբային փուլը՝ մենք Չեմպիոնների Լիգայի այս մրցաշրջանում անցկացրել ենք 10 խաղ։ Մենք տպավորիչ շարք ունեցանք։ Մենք հաղթեցինք հինգ խաղում, երեք ոչ-ոքի խաղացինք և երկու պարտություն կրեցինք։ Միաժամանակ «Բարսելոնային» դուրս թողեցին մրցաշարից և մտանք Եվրոպայի 16 լավագույն թիմերի շարք:
Յարեմչուկի մասին.
Չեմ կարծում, որ նա մեծ ազդեցություն ունի մեր թիմի խաղի վրա, բայց լավ հատկանիշներ ունի։ Դա Յարեմչուկի լավագույն խաղերից մեկն էր «Բենֆիկայի» կազմում: Նա գոլ խփեց և շարունակեց խորություն ստեղծել գրոհներում՝ նույնիսկ հետ խաղալով դեպի դարպասը:
Նա հեռացավ խաղադաշտից, քանի որ արդեն ֆիզիկապես մի փոքր հոգնածություն ուներ։ Վերջին մի քանի օրերին Ռոմանը մկանային խնդիրների պատճառով ամբողջ ուժով չէր մարզվում։ Ես գիտեի, որ նա չի կարող երկու հանդիպում անընդմեջ անցկացնել՝ «Սպորտինգի» և «Դինամոյի» դեմ, ուստի մենք նրան փոխարինեցինք։ Ես գոհ եմ նրա ելույթից։ Կարծում եմ՝ Յարեմչուկը կօգնի մեզ հասնել մեր նպատակներին»,- ասել է Ժեզուշը: