Պաուլու Սոուզա. «Մեր կազմում է հանդես գալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»

Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Պաուլու Սոուզան կիսվել է ԱԱ-2022-ի Եվրոպայի ընտրական փուլի փլեյ-օֆֆի խաղերի վիճակահանության արդյունքների վերաբերյալ իր կարծիքով։

Լեհաստանի հավաքականը հյուրընկալվելիս կխաղա Ռուսաստանի հավաքականի հետ, իսկ հաղթանակի դեպքում տանը կխաղա Շվեդիա – Չեխիա հանդիպման հաղթողի հետ։

«Այս պահին յուրաքանչյուր թիմ ունի նույն հնարավորությունները՝ հասնելու Քաթար: Մեր խումբը շատ հավասար է։ Ե՛վ տեխնիկապես, և՛ ֆիզիկապես։ Հուսանք, որ մեր լավագույն խաղացողները լավ մարզավիճակում կլինեն փլեյ-օֆֆում։ Շատ բան կախված է թե՛ առաջնության հանդիպումներից, թե՛ Եվրագավաթներից։ Մենք կարող ենք շատ բարձր մակարդակով մրցել։

Ես միշտ դրական եմ տրամադրված և հավատում եմ մեր թիմին։ Մենք ունենք աշխարհի լավագույն ֆուտբոլիստին. Նա միշտ տարբերություն է ստեղծում խաղադաշտում, և ես վստահ եմ, որ նույնը կանի նաև առաջիկա խաղում։ Ռոբերտ Լևանդովսկին յուրահատուկ ֆուտբոլիստ է:

Ռուսաստանի հավաքականը լավ խաղացողներ ունի։ Մենք ժամանակ ունենք մրցակցին ավելի լավ ճանաչելու և խաղից առաջ ավելի լավ որոշումներ կայացնելու համար։

Վիճակահանության շնորհիվ մենք հնարավորություն ունենք տանը հանդիպելու Շվեդիային։ Սա մեզ համար հատուկ մոտիվացիա կլինի։ Մենք շվեդներին լավ ենք ճանաչում, քանի որ նրանց հետ արդեն հանդիպել ենք Եվրոպայի առաջնությունում։ Հիմա մենք շատ ավելի ուժեղ ենք և ավելի շատ հնարավորություններ ունենք»,- ասել է Պաուլու Սոուզան լեհական մարզական լրատվականներին: