Ալեքսանդր Բազարչյան. «Վստահ եմ, որ զգացմունքային առումով ֆանտաստիկ խաղ է լինելու»

Ընդամենը մի քանի ժամից Աշխարհի 2026թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Պորտուգալիայի ընտրանու հետ։

Սպասվող խաղին անդրադարձել է նաև Առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն, բժիշկ-ֆուտբոլասեր և իտալական «Յուվենտուսի» մոլի երկրպագու Ալեքսանդր Բազարչյանը։

«Ես կուզենամ ասել հետևյալն այս խաղի հետ կապված. Հայաստանի հավաքականը միշտ գրավիչ և գեղեցիկ խաղեր է խաղացել Պորտուգալիայի հավաքականի դեմ։ Պորտուգալիայի հավաքականը աննկարագրելի ուժեղ է, կազմում են երևի ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Կրիշտիանու Ռոնալդուն։

Ես վստահ եմ, որ զգացմունքային առումով սա կլինի ֆանտաստիկ խաղ, մեր տղաները ֆանտաստիկ պատրաստված կլինեն և մոտիվացված։ Չեմ կարծում, որ այս խաղը շատ ավելի բարդ կլինի մեր տղաների համար զգացմունքային առումով, քան Թուրքիայի հետ խաղը Թուրքիայում։ Ինչպես խաղացին իրենք այնտեղ, մենք բոլորս տեսանք նախորդ ընտրապայքարում, և ես վստահ եմ մեր տղաների լավ խաղի մեջ՝ մի վայրկյան չեմ կասկածում։

Առաջին խաղն է նաև մեր գլխավոր մարզչի համար։ Մաղթում եմ նրան հաջողություն։ Սա շատ կարևոր խաղ է իր համար, մեծ չելենջ և մեծ մարտահրավեր է, բայց կարծում եմ՝ պատվով դուրս կգա այս իրավիճակից։ Մենք, ֆուտբոլասերներս, էլի 12-րդ ֆուտբոլիստը կլինենք։

Պետք է կենտրոնանալ խաղի, այլ ոչ հաշվի վրա, իսկ խաղի որակի մասին ես կասկած չունեմ, որ մեր տղաները լավ կխաղան»,- ասել է Ալեքսանդր Բազարչյանը։

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։