«Բետիսի» վինգեր Անտոնին Իսպանիայում իր ելույթներով գրավել է եվրոպական ֆուտբոլի մեծ ակումբների ուշադրությունը։
Իսպանական թիմը 24-ամյա ֆուտբոլիստին վարձավճարով ձեռք է բերել «Մանչեսթեր Յունայթեդից» հունվարին, իսկ գործարքը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Անտոնին «Բետիսի» կազմում վեց խաղում դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Ինչպես հայտնում է Transfer News Live-ը, բրազիլացու համար պայքարին միացել է Թուրինի «Յուվենտուսը»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»։
Անտոնիի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ Transfermarkt-ը հարձակվողի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։