«Մանչեսթեր Սիթին» Էդերսոնին փոխարինող է գտել

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասապահ Ունայ Սիմոնին համարում է առաջատար թեկնածու, որը կփոխարինի Էդերսոնին, եթե նա հաջորդ ամառ հեռանա անգլիական ակումբից։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։

Աղբյուրի համաձայն՝ իսպանացի մասնագետը հատկապես կարևորում է 27-ամյա դարպասապահի ոտքերով խաղալու կարողությունը։ Ընդգծվում է նաև, որ «Քաղաքայինները» ուսումնասիրում են նաև «Միլանի» դարպասապահ Մայք Մենյանի և Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Գրեգոր Կոբելի թեկնածությունները։

Անցած ամառ Էդերսոնի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկություններ կային Սաուդյան Արաբիայի ակումբներից։

Այս մրցաշրջանում Ունայ Սիմոնը բոլոր մրցաշարերում անցկացրել է ինը հանդիպում՝ երեք անգամ անառիկ պահելով սեփական դարպասը։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։