«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունից հետո խոսել է թիմի անհաջող շարքի մասին։
«Մանչեսթեր Սիթին» 8-րդ պարտությունը կրեց բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին 11 հանդիպումներում։ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում Գվարդիոլայի թիմն առջևում էր մինչև 88-րդ րոպեն, սակայն վերջում երկու գնդակ բաց թողեց և պարտվեց:
«Այս տարի, ցավոք սրտի, դա հաճախ է լինում։ Մենք շատ ենք բաց թողել։ Նախկինում ամեն ինչ լողալով էր ընթանում, հիմա տարբեր պատճառներով խնդիրներ ենք ունենում։ Մենք բազմաթիվ պարտություններ ունենք: Սա ծանր մրցաշրջան է:
Մենք այնքան շատ ենք պարտվել Պրեմիեր Լիգայի ութ հանդիպումներում, որ այդքան չենք պարտվել երկու մրցաշրջանում: Պետք է լավ պաշտպանվել:
Կարծում եմ, որ դա ամենադժվար պարտությունը չէր վերջին ինը տարիների ընթացքում: Չեմպիոնների Լիգայում կրած պարտություններն ավելի ծանր էին: Բայց հիմա մեզ պետք են արդյունքներ՝ տրամադրությունը բարձրացնելու համար:
Այն ավելի ու ավելի է վատանում: Ես պետք է լուծում գտնեմ, բայց դա դեռ չեմ արել»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է Sky Sport-ը: