Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը պատասխանել է «Վալենսիայի» երկրպագուների բանտարկությանը, ովքեր անցած տարի ռասայական ոտնձգություններ են կատարել բրազիլացու նկատմամբ:
Հունիսի 10-ին հայտնի դարձավ, որ «Վալենսիայի» երեք երկրպագուներ դատապարտվել են ութ ամսվա ազատազրկման՝ Վինիսիուսին վիրավորելու համար։
«Շատերն ինձ խնդրում էին անտեսել դա, շատերն ասում էին, որ իմ պայքարն ապարդյուն է, և ես պետք է պարզապես ֆուտբոլ խաղամ։
Բայց ինչպես միշտ ասել եմ, ես ռասիզմի զոհ չեմ։ Ես ռասիստների դահիճն եմ։ Իսպանիայի պատմության մեջ այս առաջին քրեական դատավճիռը ինձ համար չէ: Սա բոլոր սևամորթների համար է:
Թող մյուս ռասիստները վախենան, ամաչեն ու թաքնվեն ստվերում։ Հակառակ դեպքում ես այստեղ կլինեմ: Շնորհակալություն Լա Լիգային և Մադրիդի «Ռեալին» այս պատմական գործընթացում ցուցաբերած օգնության համար: Էլի կլինեն»,- գրել է Վինիսիուսը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):