Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը» հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնայի» երկու պաշտպանների՝ Ժյուլ Կունդեի և Հեկտոր Ֆորտի նկատմամբ , հայտնում է Barca Times-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)՝ հղում անելով Catalunya Ràdio-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մի քանի շաբաթ առաջ Բարսելոնայում տեղի է ունեցել ակումբի ներկայացուցիչների հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են հնարավոր տրանսֆերները։ Հաղորդվում է, որ այդ հանդիպման արդյունքում կատալոնական թիմը հրաժարվում է վաճառել Ֆորտին, սակայն պատրաստ է քննարկել Կունդեի տրանսֆերը։
25-ամյա Կունդեն «Բարսելոնա» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը «Սևիլյայից» 50 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է «կապտանռնագույնների» 32 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։
17-ամյա Ֆորտը կատալոնական ակումբի սան է։ Հեկտորը հիմնական թիմի կազմում անցկացրել է 7 հանդիպում, որոնցում 2 գոլային փոխանցում է կատարել։ Transfermarkt ինտերնետային պորտալը պաշտպանի արժեքը գնահատում է 7,5 միլիոն եվրո: