Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է EURO-2024-ում թիմերի հայտացուցակներում ֆուտբոլիստների թիվը հասցնել 26-ի։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Որոշումը կկայացվի ապրիլի 8-ին EURO-ի բոլոր մասնակից թիմերի ներկայացուցիչների մասնակցությամբ կոնգրեսում։
«Սեմինարը կանցկացվի ապրիլի 8-ին, ՈւԵՖԱ-ն կլսի մարզիչների կարծիքները։ Այս կապակցությամբ ցանկացած գաղափար կդիտարկվի և կգնահատվի»,- ասել է ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի համար ՈՒԵՖԱ-ն որոշել է թիմերի հայտացուցակներում ֆուտբոլիստների թիվը 23-ից հասցնել 26-ի՝ Covid-19-ի պատճառով առաջացած ծանրաբեռնված օրացույցի պատճառով: Մեկ տարի անց Ֆուտբոլի Միջազգային Ֆեդերացիան (ՖԻՖԱ) թույլատրեց թիմերին Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությանը մասնակցել 26 ֆուտբոլիստներով:
2023 թվականի նոյեմբերին հրապարակված Եվրոպայի առաջնության կանոնակարգում ասվում է, որ ազգային հավաքականների հայտացուցակում կարող են ընդգրկվել 23 ֆուտբոլիստ:
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։