Մյունխենի «Բավարիան» պատրաստ է տրանսֆերի հանել պաշտպան Ալֆոնսո Դևիսին, եթե կանադացի ֆուտբոլիստը չհամաձայնի երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ մինչև շաբաթվա վերջ։ Այս մասին հայտնում է հարգված լրագրող և ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը X սոցիալական ցանցում։
Ըստ աղբյուրի՝ «Բավարիան» Դևիսին առաջարկում է պայմանագիր մինչև 2029 թվականը՝ տարեկան 14 միլիոն եվրո աշխատավարձով։ Ֆուտբոլիստի կողմը պահանջում է առնվազն 20 միլիոն եվրո, եթե Ալֆոնսոն չընդունի մյունխենցիների առաջարկը, ապա նրան տրանսֆերի կհանեն։
Հիշեցնենք, որ կանադացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», սակայն «Լոս Բլանկոները» պատրաստ չեն վճարել ֆուտբոլիստի համար, որի պայմանագիրը լրանում է 2025 թվականի ամռանը 50 միլիոն եվրո։ «Բավարիան» այս գումարով է գնահատում պաշտպանին։
Այս մրցաշրջանում Դևիսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։