Անտուան Գրիզմանը խոսել է «Ատլետիկոյի» չեմպիոնությունից, երբ խաղում էր «Բարսելոնայում»

Մադրիդի «Ատլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան ​​Գրիզմանը Լա Լիգայի 29-րդ տուրում կատալոնական թիմի հետ խաղից առաջ խոսել է այն մասին, թե ինչպես է արձագանքել 2021 թվականին թիմի չեմպիոնությանը, երբ հանդես էր գալիս «Բարսելոնայում»։

«Շատ դժվար էր, քանի որ «Բարսելոնան» նույնպես այն ժամանակ մոտ էր չեմպիոնությանը: «Գրանադայից» տնային պարտությունը մեզ հոգեպես տապալեց: Միևնույն ժամանակ, իհարկե, ես գոհ էի, քանի որ «Ատլետիկոն» արժանի էր դրան։ Հատկապես ուրախ էի Կոկեի և Դիեգո Սիմեոնեի համար, ովքեր ինձ համար շատ կարևոր են։ Կոկեն իմ լավագույն ընկերներից մեկն է։ Ես հպարտ էի նրանով, երբ տեսա նրան գավաթով»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է Atletico Universe-ը։

Հիշեցնենք, որ Գրիզմանը առաջին անգամ դարձել է «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ 2014 թվականին՝ տեղափոխվելով «Ռեալ Սոսյեդադից» և հինգ տարի հանդես է եկել Մադրիդում։ Դրանից հետո ֆրանսիացին տեղափոխվեց «Բարսելոնա»։ 2021 թվականին հարձակվողը վերադարձել է մադրիդյան թիմ։

Այս մրցաշրջանում Գրիզմանը «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 19 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 25 մլն եվրո։