Վինիսիուս Ժունիորը սպառնացել է բոյկոտել «Վալենսիայի» հետ հանդիպումը՝ սոցիալական ցանցերում «Ռեալի» գրառման պատճառով

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը սպառնացել է բոյկոտել «Վալենսիայի» հետ հանդիպումը մադրիդյան ակումբի սոցցանցում գրառման պատճառով, հայտնում է Relevo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման նախօրեին «Ռեալը» հրապարակել է Վինիսիուսի հետ լուսանկար, որի ներքեւի մասում պատկերված է Vini Vici խմբի տարբերանշանը՝ ոգեշնչված կապիկի էվոլյուցիայից՝ մարդու վերածվելով։

Այս հրապարակումը զայրացրել է Վինիսիուսին, ով սպառնացել է բոյկոտել «Վալենսիայի» հետ հանդիպումը։ Ֆուտբոլիստը նախատել է ակումբի որոշ պաշտոնյաների կատարվածի համար և բացատրություն պահանջել։

Մադրիդի «Ռեալի» գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը կարողացել է հարթել կոնֆլիկտը և համոզել ֆուտբոլիստին մասնակցել հանդիպմանը, որտեղ նա ի վերջո դուբլի հեղինակ է դարձել։

Նրանք նաև խոստացել են Վինիսիուսին, որ կպատժեն այս հրապարակումը տեղադրողներին։