Մադրիդի «Ռեալը» կբողոքարկի Ջուդ Բելինգհեմի որակազրկումը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտարարել է, որ ակումբը կբողոքարկի Իսպանիայի առաջնությունում թիմի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի երկու խաղով որակազրկումը։

Բելինգհեմի որակազրկման պատճառը «Վալենսիայի» հետ Լա լիգայի 27-րդ տուրի (2:2) հանդիպման մրցավար Խեսուս Գիլ Մանզանոյի նկատմամբ անհարգալից վերաբերմունքն էր։

Լրացուցիչ ժամանակում անգլիացին խփեց այն, ինչ կարող էր դառնալ իր թիմի հաղթական գոլը, սակայն Մանզանոն հնչեցրեց եզրափակիչ սուլիչը Ջուդին փոխանցելու պահին, երբ գնդակն արդեն օդում էր։ Բելինգհեմը սկսել է էմոցիոնալ անհամաձայնություն հայտնել խաղն ավարտելու մրցավարի որոշման հետ, ինչի համար նա կարմիր քարտ է ստացել։

«Մենք կբողոքարկենք Բելինգհեմի երկու խաղով որակազրկումը: Մենք կարծում ենք, որ սա անարդար է»,- Անչելոտտիի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Բելինգհեմը պետք է բաց թողնի «Սելտայի» և «Օսասունայի» դեմ հանդիպումները որակազրկման պատճառով։