«Թոթենհեմի» և Հարավային Կորեայի հավաքականի վինգեր Հյուն Մին Սոնը մեկ քայլ է հեռու լոնդոնյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուց։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է լրագրող Էքրեմ Քոնուրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 31-ամյա ֆուտբոլիստի և «Թոթենհեմի» ներկայացուցիչների միջև պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններն առաջադեմ փուլում են։
Նշվում է, որ «Թոթենհեմը» հաստատ չի վաճառի իրենց առաջատարին ամռանը՝ չնայած որոշ ակումբների հետաքրքրությանը Սաուդյան Արաբիայի առաջնությունում։
Ֆուտբոլիստը «Թոթենհեմում» հանդես է գալիս 2015 թվականից։ Այս մրցաշրջանում վինգերը լոնդոնյան թիմի կազմում անցկացրել է 23 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։