Նիկոլո Ֆաջիոլի. «Ամեն ինչ սկսվեց ձանձրույթից, քանի որ ես շատ ազատ ժամանակ ունեի»

«Յուվենտուսի» կիսապաշտպան Նիկոլո Ֆաջիոլին մեկնաբանել է իր մասնակցությամբ անօրինական խաղադրույքների հետ կապված սկանդալը։

«Ամեն ինչ սկսվեց ձանձրույթից, քանի որ ես շատ ազատ ժամանակ ունեի: Ամեն ինչ սկսվում է որպես սովորական խաղ, իսկ հետո այն վերածվում է հիվանդության։ Երբ փող ես կորցնում, փորձում ես դա թաքցնել ծնողներիցդ, բայց դա անելը դժվար էր։

Խաղադրույքներից առաջացած ադրենալինը հաղթահարեց բացահայտվելու վախը։ Չեմ ասում, որ լրիվ առողջ եմ, բայց դժվար շրջան եմ անցել, ու սա 5 ամսում չի ավարտվում։ Բայց ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Իմ որակազրկումն ավարտվում է մայիսի 19-ին, «Յուվենտուսը» մայիսի 26-ին հանդիպում է «Մոնցայի» հետ, և ես հույս ունեմ, որ կկարողանամ խաղադաշտ դուրս գալ։

Ես վախենում էի, որ «Յուվենտուսը» երես կշրջի ինձանից, բայց ակումբը, ընդհակառակը, աջակցեց ինձ։ Հատկապես շնորհակալ եմ Դուշան Վլահովիչին, Ֆեդերիկո Գատտիին ու Ֆեդերիկո Կիեզային»,- Ֆաջիոլիի խոսքերն է մեջբերում լրագրող Նիկոլո Շիրան։

Հոկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ Ֆաջիոլիի նկատմամբ հետաքննություն է սկսվել անօրինական հարթակներում խաղադրույքներ կատարելու համար։ Հոկտեմբերի 17-ին «Յուվենտուսի» կիսապաշտպանը որակազրկվել է 7 ամսով։

2023 թվականի նոյեմբերին «Յուվենտուսը» երկարաձգեց պայմանագիրը 23-ամյա Ֆաջիոլիի հետ մինչև 2028 թվականի հունիսի վերջ։