Ռոմելու Լուկակուն կարող է վերադառնալ Անգլիա

Հարձակվող Ռոմելու Լուկակուն այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է վերադառնալ «Չելսի»։ Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, բելգիացի ֆուտբոլիստը չի բացառում, որ ամռանը կվերադառնա «Սթեմֆորդ Բրիջ»:

«Ռոման», որտեղ այս մրցաշրջանում Լուկակուն հանդես է գալիս վարձավճարով, ֆուտբոլիստին գնելու համար «Չելսիին» պետք է վճարի 40 միլիոն եվրո։ Հաշվի առնելով ֆինանսական դժվարությունները՝ գայլերի համար հեշտ չի լինի նման գործարք կնքել:

Օրեր առաջ 30-ամյա Լուկակուն ասել էր, որ չի ցանկանում մտածել իր ապագայի մասին մինչև մրցաշրջանի ավարտը։ Ավելացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռոմելու Լուկակուն 31 խաղում դարձել է 16 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։