«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է թիմի կիսապաշտպան Կոնոր Գալագերի մասին, ով նախորդ օրը դուբլի հեղինակ էր դարձել «Քրիսթալ Փելասի» դեմ Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի խաղում (3-1)։
«Ես հավատում եմ, որ նա չափազանց նվիրված թիմային խաղացող է, ով աշխատում է բառացիորեն յուրաքանչյուր դրվագում: Թիմում այդպիսի ֆուտբոլիստ ունենալն անգին է: Ես շատ ուրախ եմ նրա համար, մեզ պետք էր այս հաղթանակը: Քոնորն ինձ ասաց, որ ցանկանում է մնալ «Չելսիում», բայց դա իր և ակումբի որոշելիքն է։ Ես չեմ անհանգստանում, Գալագերը ևս մեկ տարի ունի իր պայմանագրով»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում ESPN-ը:
24-ամյա Գալագերը «Չելսիի» սան է: Այս մրցաշրջանում կիսապաշտպանը լոնդոնցիների կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երեք գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։