«Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է, որ գլխավոր մարզչի պաշտոնում Չավիին կփոխարինի մեքսիկացի մասնագետ Ռաֆայել Մարկեսը, ով գլխավորում է «Բարսելոնա Ատլետիկը», պայմանով, որ կատալոնական ակումբի ղեկավարները չկարողանան համաձայնության գալ մեկ այլ, ավելի ականավոր մարզչի հետ։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն, այն բանից հետո, երբ Չավին հայտարարեց, որ ընթացիկ մրցաշրջանի վերջում կհեռանա «Բարսելոնայից», «Բլաուգրանայի» ղեկավարությունը՝ ի դեմս նախագահ Ժոան Լապորտայի և մարզական տնօրեն Դեկուի, մշակել է կատալոնական ակումբի սպորտային նախագծի զարգացման ճանապարհային քարտեզ։ Այս ծրագրի համաձայն՝ «Բարսելոնան» կփորձի աշխատանքային պայմանագիր կնքել եվրագավաթների փորձ ունեցող ականավոր մարզչի հետ։
Եթե այս մտահղացումը ձախողվի, ապա «բլաուգրանայի» ղեկավարները թիմի ղեկավարությունը կվստահեն Մարկեսին՝ այդպիսով բացառելով «Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտային և «Ժիրոնայի» մարզիչ Միշելին նշանակելու տարբերակները։