ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ վստահ է, որ «Մանչեսթեր Սիթին» մեղավոր է ֆինանսական ֆեյր-փլեյի (FFP) կանոնները խախտելու մեջ:
2020 թվականին ՈւԵՖԱ-ն «Մանչեսթեր Սիթիին» երկու տարով զրկեց եվրոպական մրցաշարերից՝ FFP-ն խախտելու համար։ Սակայն անգլիական ակումբը դիմել է Մարզական արբիտրաժային դատարան (CAS), որը բավարարել է «Մանչեսթեր Սիթիի» բողոքը, և ակումբը շարունակել է հանդես գալ եվրոպական մրցաշարերում։
«Մենք գիտենք, որ ճիշտ էինք: Մենք այս որոշումը չէինք կայացնի, եթե չհամարեինք, որ ճիշտ ենք: Ես աշխատել եմ որպես դատավարության փաստաբան 25 տարի և գիտեմ, որ երբեմն շահում ես մի գործ, որը վստահ ես, որ պետք է պարտվես, իսկ երբեմն՝ հակառակը»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։
Անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների Լիգան։ Եզրափակչում Պեպ Գվարդիոլայի թիմը հաղթեց «Ինտերին» (1-0)։
Ընթացիկ վիճակահանությամբ «Մանչեսթեր Սիթին» մրցաշարի 1/8-րդ եզրափակչում կխաղա «Կոպենհագենի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա Դանիայում փետրվարի 13-ին։