«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեշի սկանդալային բռնաբարության դեպքի վերաբերյալ նոր տեղեկություններ են հայտնվել։
Ինչպես հայտնում է APA-ն, բրազիլացու փաստաբան Ինես Գվարդիոլան առաջին անգամ հետաքննությանն է ներկայացրել վարկած, որ ֆուտբոլիստը հանցագործության գիշերը հարբած է եղել, ինչն ազդել է նրա ճանաչողական կարողությունների վրա։
Այս հանգամանքը կարող է մեղմել Ալվեշի պատիժը, եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի։ Փաստաբանը պնդում է, որ պաշտպանը տեղյակ չի եղել իր գործողություններից։
Ալկոհոլային հարբածության վարկածը հինգերորդ անընդմեջն էր, որ ֆուտբոլիստի կողմը ներկայացրել է հետաքննությանը։ Ձերբակալությունից հետո նա պնդել է, որ չի ճանաչում տուժողին։ Ավելի ուշ նա խոստովանել է, որ գիշերային ակումբի զուգարանում հանդիպել է մի երիտասարդ աղջկա, և նրանց միջև ոչինչ չի պատահել, և վերջապես, երբ դատավորը համեմատել է իր բացատրությունները կենսաբանական ապացույցների հետ, ասել է, որ աղջիկն ինքն է համաձայնել։
Հիշեցնենք, որ Ալվեշը կալանքի տակ է 2023 թվականի հունվարից՝ 2022 թվականի դեկտեմբերին Բարսելոնայի գիշերային ակումբում աղջկան բռնաբարելու մեղադրանքով։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ դատախազները բրազիլացու համար ինը տարվա ազատազրկում են պահանջում։ Իր հերթին, տուժողի փաստաբանը Տոկիոյի օլիմպիական չեմպիոնի համար կպահանջի 12 տարվա ազատազրկում՝ սա բռնաբարության առավելագույն պատիժն է Իսպանիայում։