«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է հանդիպումներից հետո ակումբների ղեկավարների՝ թիմի հանդերձարան այցերի վերաբերյալ իր վերաբերմունքի մասին։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Չելսիի» համասեփականատեր Բեհդադ Էղբալին Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում «Ասթոն Վիլայից» կրած պարտությունից հետո (0:1) մտել է լոնդոնցիների հանդերձարան։
«Իմ ամբողջ մարզչական կարիերայի ընթացքում «Էսպանյոլում», «Սաութհեմփթոնում», «Թոթենհեմում» և «Պարի Սեն Ժերմենում» ինձ դուր էր գալիս, երբ սեփականատերերը մտնում էին հանդերձարան։ Սա լավ է։ Ամենակարևորն այն է, թե ինչպես են նրանք շփվում ֆուտբոլիստների հետ։ Եթե նրանք դա անում են լավ, ճիշտ ձևով, ապա նրանց ներկայությունը հանդերձարանում շատ ողջունելի է։
Մենք նրանց հետ խոսում ենք ֆուտբոլի մասին։ Դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում: Ուրիշ բան, եթե նրանք գան ելույթ ունենալու կամ նման բան, բայց մեր դեպքում նման այցելությունները շատ ողջունելի են։ Նրանք ակումբի սեփականատերն են և կարող են անել այն, ինչ ուզում են: Մենք շատ ուրախ ենք, որ նրանք գալիս են և կիսում իրենց մտքերը մեզ հետ՝ անկախ նրանից, թե հաղթանակից հետո, թե կիրակի օրը կրած պարտությունից հետո»,- ասել է Պոչետինոն մամուլի ասուլիսի ժամանակ։
«Չելսին» այժմ զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։