Ալեքսիս Սանչեսը մոտ օրերս բուժզննում կանցնի՝ իր նախկին ակումբ վերադառնալու համար

Չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը մոտ է «Ինտեր» վերադառնալուն։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր «Թվիթեր»-ում։

Ըստ աղբյուրի՝ միլանյան ակումբը ֆուտբոլիստի հետ համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը։ Ուրբաթ օրը՝ օգոստոսի 25-ին, ֆուտբոլիստը բուժզննում կանցնի՝ նոր թիմ տեղափոխվելու համար։ Կողմերը կարճաժամկետ պայմանագիր կկնքեն։

2022/23 մրցաշրջանում Սանչեսը «Մարսելի» կազմում անցկացրել է 44 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 18 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվել է այս տարվա հունիսի վերջին։ Կողմերը որոշել են չերկարաձգել համագործակցությունը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 4 միլիոն եվրո: