«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Մեյսոն Գրինվուդը խոսել է «կարմիր սատանաների» հետ պայմանագրի փոխադարձ խզման մասին։ Այս որոշումը ակումբը կայացրել է երկուշաբթի՝ օգոստոսի 21-ին։
«Ես հասկանում եմ, որ մարդիկ ինձ կդատեն սոցիալական ցանցերում տեսածի և լսածի պատճառով, և ես գիտեմ, որ մարդիկ կմտածեն ամենավատը:
Ես դաստիարակվել եմ այն ոգով, որ ցանկացած հարաբերություններում բռնությունը կամ դաժանությունը սխալ է, ես չեմ արել այն, ինչում ինձ մեղադրում էին։ Այնուամենայնիվ, ես լիովին ընդունում եմ, որ սխալներ եմ թույլ տվել իմ հարաբերություններում և որոշակի պատասխանատվություն եմ կրում այն իրավիճակների համար, որոնք հանգեցրել են սոցիալական ցանցերում այդ գրառումներին: Ես հասկանում եմ, որ պարտավոր եմ լավ օրինակ ծառայել որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, և այժմ կենտրոնացած եմ հայր և լավ գործընկեր լինելու ավելի մեծ պատասխանատվության վրա։
Այսօրվա որոշումը «Մանչեսթեր Յունայթեդի», իմ ընտանիքի և իմ միջև համագործակցության գործընթացի մի մասն էր: Բոլորիս համար լավագույն լուծումը ֆուտբոլային կարիերաս Օլդ Թրաֆորդից դուրս շարունակելն է։ Որտեղ իմ ներկայությունը չի շեղի ակումբի ուշադրությունը։ Ես շնորհակալ եմ «Յունայթեդին» այն աջակցության համար, որը նրանք ինձ ցուցաբերել են այն ժամանակից, երբ ես դարձա խաղացող յոթ տարեկանում: Իմ մի մասը միշտ կպատկանի «Յունայթեդին»։
Ես անսահման երախտապարտ եմ իմ ընտանիքին և իմ բոլոր մտերիմներին նրանց աջակցության համար, և այժմ ես պետք է հատուցեմ իմ հանդեպ իմ շրջապատի վստահությունը: Ես մտադիր եմ ավելի լավ ֆուտբոլիստ լինել, բայց ամենակարևորը լավ հայր, ավելի լավ մարդ և իմ տաղանդները դրականորեն օգտագործել խաղադաշտում և դրանից դուրս»,- գրել է Գրինվուդը իր սոցիալական ցանցերում։
Հիշեցնենք, որ Գրինվուդը չի խաղացել «կարմիր սատանաների» կազմում ավելի քան 18 ամիս այն բանից հետո, երբ ձերբակալվել էր բռնաբարության և հարձակման փորձի կասկածանքով: 21-ամյա ֆուտբոլիստի դեմ հարուցված քրեական գործը կարճվել էր 2023 թվականի փետրվարին, սակայն նա դեռևս կասեցված էր մանկունիանցիների մարզումներից և հանդիպումներից։ Մինչ այսօր ֆուտբոլիստը մարզվում էր անհատական ծրագրով՝ ֆուտբոլ հնարավոր վերադարձին պատրաստվելու համար։ Այս ամառ իրեն բռնաբարության մեջ մեղադրած ֆուտբոլիստն ու աղջիկը երեխա են ունեցել։