«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոստովանել է, որ երբեք չի մտածել կատալոնական ակումբից հեռանալու մասին։
««Բարսան» իմ կյանքի ակումբն է։ Ես ուզում եմ ամբողջ կյանքս այստեղ անցկացնել և երբեք չեմ ցանկացել հեռանալ՝ չնայած անցյալ ամառ ակումբի ֆինանսական վիճակին։ Ես մանկուց միշտ եղել եմ «Բարսելոնայի» երկրպագու։ Սա իմ երազանքների ակումբն է»,- իր Twitter-ում դե Յոնգի խոսքերն է մեջբերում հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
26-ամյա Դե Յոնգը «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականին Ամստերդամի «Այաքսից»: Կատալոնական ակումբը հոլանդացի կիսապաշտպանի համար վճարել է 86 միլիոն եվրո, ճգնաժամի պայմաններում «Բարսելոնան» կարող էր վաճառել հոլանդացուն, սակայն նրա հետ պայմանավորվել է աշխատավարձերի կրճատման վերաբերյալ: Դե Յոնգի պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։ Անցած մրցաշրջանում նա դարձավ Իսպանիայի չեմպիոն։