«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատասխանել է վնասվածքից ապաքինվող ուկրաինացի կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոյի առողջական վիճակի մասին հարցին։
«Կարծում եմ՝ նա մոտ է վերադառնալուն, նա կսկսի մարզվել թիմի հետ և շատ շուտով կվերադառնա»,- Արտետայի խոսքերն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը։
Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանը մեկնարկում է օգոստոսի 11-ին։ 1-ին տուրի խաղում լոնդոնցիները կհանդիպեն «Նոթինգհեմ Ֆորեսթին»։
Զինչենկոն «Արսենալում» հանդես է գալիս անցած ամառվանից։ Նախկինում ուկրաինացին պաշտպանել է «Մանչեսթեր Սիթիի», ՊՍՎ-ի, «Ուֆայի» և «Շախտյորի» գույները։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Զինչենկոն «Արսենալի» կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։