Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ Ուսման Դեմբելեն շուտով կդառնա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի տեղափոխությունը ՊՍԺ մոտ օրերին կամ ժամերին կհայտարարվի։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր միկրոբլոգում։

Աղբյուրի տեղեկություններով՝ 26-ամյա ֆրանսիացին մոտ օրերս 5 տարվա պայմանագիր կկնքի փարիզցիների հետ, ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել։ «Բարսելոնան» 50 միլիոն եվրո կստանա Ուսմանի համար, ով կատալոնական ակումբում է 2017 թվականից: Նախկինում հարձակվողը հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում» և «Ռենում»։

2022/23 մրցաշրջանում Դեմբելեն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 60 միլիոն եվրո։