Մարսել Զաբիտցերը շուտով կփոխի ակումբային գրանցումը

Մյունխենի «Բավարիայի» և Ավստրիայի հավաքականի կիսապաշտպան Մարսել Զաբիցերը մոտ ժամանակներս կարող է դառնալ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգն իր «Թվիթեր»-ում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբների միջև բանակցությունները շատ լավ են ընթանում և մոտ են ավարտին։ Նրանք գործարքի վերջնական փուլում են։ 29-ամյա ֆուտբոլիստը մյունխենյան ակումբի հետ չի մեկնի Ասիա նախամրցաշրջանային շրջագայության՝ հիմնականում «իշամեղուների» ճամբար իր մոտալուտ տեղափոխության պատճառով: Գործարքը դեռ չի կնքվել, սակայն բանակցությունները շարունակվում են։

2022/23 մրցաշրջանի երկրորդ կեսում Զաբիցերը վարձավճարով հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում»։ Նա «կարմիր սատանաների» կազմում 18 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 20 միլիոն եվրո: