Վիկտոր Օսիմհենը մոտ է «Նապոլիի» հետ պայմանագիրը երկարաձգելուն

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը մոտ է իտալական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն՝ չնայած այս ամառ հարձակվողի տրանսֆերի մասին բոլոր խոսակցություններին, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան իր Twitter-ում։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա հարձակվողի հետ նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականը՝ տարեկան 6,5 միլիոն եվրո բարձրացված աշխատավարձով՝ առանց բոնուսների։ Ակումբի ղեկավարության ու ֆուտբոլիստի հանդիպումը կկայանա մոտ օրերս։

2022/23 մրցաշրջանում Օսիմհենը «Նապոլիի» կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 31 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նա դարձավ Ա Սերիայի լավագույն ռմբարկուն և օգնեց իր թիմին նվաճել երկրի չեմպիոնի տիտղոսը։ Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը։ Օսիմհենի շուկայական արժեքը Transfermarkt-ը գնահատում է 120 մլն եվրո: