Մադրիդի «Ատլետիկոյի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան դարձել է «Ռոմայի» լուրջ հետաքրքրության առարկան։ Ֆուտբոլիստը պատրաստ է աշխատավարձի կրճատման՝ Մոուրինյոյի թիմին միանալու համար, հայտնում է Calciomercato-ն:
Աղբյուրի համաձայն՝ այս պահին Ալվարոյի աշխատավարձը «Ատլետիկոյում» կազմում է տարեկան 6 միլիոն եվրո։ Հռոմի ակումբը չի կարող իրեն թույլ տալ վճարել նման աշխատավարձ, ուստի իսպանացին պետք է համաձայնի աշխատավարձի կրճատմանը տարեկան մինչև 4,5 միլիոն եվրոյի չափով: Հաղորդվում է, որ Մորատան առաջնային թիրախ է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի համար:
Պորտուգալացի մասնագետը, ինչպես նաև Պաուլո Դիբալան, արդեն զանգահարել են Ալվարոյին՝ համոզելու նրան տեղափոխվել հռոմեական ակումբ։ Սակայն հստակ չէ, թե որքան գումար կխնդրի «Ատլետիկոն» իր հարձակվողի համար: Որոշ աղբյուրներ հայտնում են 10-12 միլիոն եվրոյի մասին, մյուսները՝ 20-25 միլիոն եվրոյի։ «Ռոման», ըստ երևույթին, պետք է դիտարկի նրա վարձակալության տարբերակը:
2022/23 մրցաշրջանում Մորատան «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։