Մադրիդի «Ռեալի» նորեկ, թուրք կիսապաշտպան Արդա Գյուլերն իր առաջին հարցազրույցն է տվել «Ռեալ» տեղափոխվելուց հետո։
«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ընտանիքին։ Շնորհակալություն ամեն ինչի համար։ Շատ թիմեր ցանկանում էին ձեռք բերել ինձ, բայց ես որոշեցի միանալ «Ռեալին»: Սա աշխարհի ամենամեծ ակումբն է։ Ես ցանկանում եմ դառնալ մադրիդյան թիմի լեգենդը»,- ասել է Գյուլերը «Ռեալի» կազմում իր առաջին ասուլիսում։
«Շնորհակալություն, որ ընտրեցիք մեր ակումբը կարիերան շարունակելու համար: Ընդամենը 18 տարեկանում դու կատարում ես քո գլխավոր նպատակներից մեկը»,- Գյուլերին պատասխանել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը։ Հիշեցնենք, որ Գյուլերը «Ռեալ» է տեղափոխվել «Ֆեներբախչեից» 20 միլիոն եվրոյի դիմաց և «սերուցքայինների» հետ վեց տարվա պայմանագիր կնքել։ Մադրիդյան ակումբի կազմում թուրք ֆուտբոլիստը հանդես կգա 24-րդ համարի ներքո։