Նասեր Ալ-Խելաիֆի. «Մենք անվճար բաց չենք թողնի Կիլիան Մբապպեին»

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին մեկնաբանել է փարիզցիների հարձակվող Կիլիան Մբապպեի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Իմ դիրքորոշումը շատ պարզ է՝ եթե Մբապպեն ցանկանում է մնալ, մենք ցանկանում ենք, որ նա մնա։ Բայց նա պետք է նոր պայմանագիր ստորագրի։ Մենք չենք կարող անվճար բաց թողնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստին: Սա անհնար է։

Մի անգամ նա ասաց. «Ես երբեք անվճար չեմ հեռանա։ Նա ինձ խոստացավ։ Եթե ​​նա այսօր մտափոխվել է, ապա դա իմ մեղքը չէ»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում Actu Foot-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա հարձակվողը հայտնել է ակումբին, որ չի ծրագրում ակտիվացնել պայմանագիրը մինչև 2025 թվականը երկարաձգելու տարբերակը։ Մբապպեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է հաջորդ ամառ: