Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլին» հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեի ծառայություններով:
Սաուդցիները ցանկանում են վերամիավորել սենեգալցի ֆուտբոլիստին հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի հետ, ովքեր միասին խաղացել են «Լիվերպուլում»: Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
31-ամյա Մանեն 6 տարի «Լիվերպուլում» խաղալուց հետո հեռացավ Մյունխենի «Բավարիա» 2022 թվականին։ Մյունխենում Սադիոն 38 խաղում դարձել է 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը թիմի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։
Երեկ՝ հուլիսի 4-ին, հայտնի է դարձել Ֆիրմինոյի՝ «Ալ-Ահլի» տեղափոխության մասին։ Բրազիլացի հարձակվողը երեք տարվա պայմանագիր է ստորագրել և տեղափոխվել մի թիմ, որտեղ արդեն խաղում է «Չելսիի» նախկին դարպասապահ Էդուարդ Մենդին։