Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը կարող է տեղափոխվել լոնդոնյան ակումբ

«Լացիոյի» սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը կարող է համալրել Լոնդոնի «Չելսին», հայտնում է La Gazzetta dello sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա ֆուտբոլիստին լոնդոնյան ակումբին առաջարկել է նրա գործակալ Մատեյա Կեժմանը։ Մատեո Կովաչիչի հեռանալուց և Մեյսոն Մաունթի մոտալուտ հեռանալուց հետո «արիստոկրատները» նոր կիսապաշտպաններ են փնտրում: Նրանք վաղուց թիրախավորել են «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյզես Կայսեդոյին, ինչպես նաև «Սաութհեմփթոնի» Ռոմեո Լավիայն, քանի որ նրանք ավելի երիտասարդ են, սակայն հնարավոր ձեռքբերումների ցանկում է նաև սերբ կիսապաշտպանը։

2022/2023 մրցաշրջանում Միլինկովիչ-Սավիչը «Լացիոյի» կազմում անցկացրել է 47 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 11 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 50 միլիոն եվրո: