Լեոնարդո․ «Ցավում եմ, որ նա լքեց մեր թիմը»

ՊՍԺ-ի նախկին մարզական տնօրեն Լեոնարդոն արձագանքել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Ինտեր Մայամի» տեղափոխությանը։

«Ցավում եմ, որ նա լքեց: Նա անհավանական ֆուտբոլիստ է, ով մեծության նույն մակարդակի վրա է, ինչ Պելեն և Մարադոնան: Նա կատարել է իր ընտրությունը, դա կօգնի նրան հնարավորինս լավ համատեղել ֆուտբոլն ու ընտանիքը։ Եթե ​​դու պատերազմի գնաս Մեսսիի հետ, մենակ չես մնա»,- Լեոնարդոյի խոսքերն է մեջբերում Corriere della Sera-ը։

Հիշեցնենք, որ Հունիսի 3-ին ՊՍԺ-ն հայտարարեց, որ Մեսսին կհեռանա թիմից մրցաշրջանի ավարտից հետո։ 35-ամյա ֆուտբոլիստը փարիզցիների կազմում հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Անցած մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։