«Պրոֆֆուտբոլը» բացառիկ հարցազրույց է ունեցել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հետ՝ խոսելով թիմի, չեմպիոնական մրցավազքի, գալիք նպատակների և շատ այլ հարցերի մասին։
– Ճիշտ է, մրցաշրջանը դեռ չի ավարտվել, սակայն ինչպիսի՞ն էր այն «Փյունիկի» համար։ Այն նպատակները, որոնք դրել էիք Ձեր առաջ, հասե՞լ եք։
– Ես կարծում եմ, որ «Փյունիկը» շարժվում է առաջ։ Մեր գլխավոր առաջադրանքն ու նպատակը առաջ շարժվելը, չկանգնելն ու զարգանալն է։ Իհարկե, այս մրցաշրջանում մենք մեծ փորձ կուտակեցինք՝ խաղալով Եվրագավաթի խմբային փուլում, ու հասկացանք բոլոր այն խնդիրները, երբ 2-3 ճակատով ես պայքարում։ Մենք հասկացանք, թե դրանք ինչ են իրենից ներկայացնում։ Եվ, իհարկե, մենք ակտիվ զարգացնում ենք մեր ակադեմիան։ Այս տարի մանկապատանեկան շատ ծրագրերի ենք մասնակցել։ Առաջիկայում մեզ սպասվում է հետաքրքիր ու երկար ճանապարհ։
– Չեմպիոնության համար պայքարը շարունակվում է։ Ի՞նչ կասեք այս մասին։
– Մենք կպայքարենք մինչև վերջ և հույս ունենք, որ, ի վերջո, կկարողանանք հաղթանակի հասնել այդ պայքարում։ Մրցաշրջանի երկրորդ հատվածում մենք միավորներով շատ էինք հետ մնում, որպեսզի միանայինք պայքարին, պետք էր շատ միավորներ կորցնեին մրցակիցները։ Հիմա իրավիճակը այնպիսին է, որ ամեն ինչ մեզանից է կախված։ Մենք, իհարկե, անելու ենք ամեն ինչ, որպեսզի հաղթենք մնացած բոլոր խաղերում և կրկնենք անցած տարվա հաջողությունը։
– Եթե «Փյունիկը» չկարողանա չեմպիոն դառնալ, ձախողում կհամարե՞ք։
– Ես դա կհամարեմ անհաջողություն։ Ձախողումը չափազանցված կլինի, որովհետև մրցաշրջանի սկիզբը մեզ համար բարդ էր, և, ցավոք, կոնֆլիկտային իրավիճակը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, որը մեզ համար ստեղծում է շատ խնդիրներ։ Հիմա չեմ ցանկանում այդ մասին խոսել, այդ մասին կխոսենք մրցաշրջանի ավարտից հետո, բայց հավատացեք, որ «Փյունիկը» ոչ միայն ստիպված է պայքարել խաղադաշտում, այլև խաղադաշտից դուրս։ Ես կարծում եմ, որ թիմը ցույց կտա, որ ունի բնավորություն, ունի սկզբունքներ, բայց մեզ համար շատ բաներ անսպասելի էին և ոչ ֆուտբոլային։ Որպեսզի մենք իմանանք, թե դրանց ինչպես հակազդել և պատասխանել, մեզ որոշակի ժամանակ է պետք։
– Վերջերս Եղիշը Մելիքյանն ու Ռոբերտ Արզումանյանը վիճեցին խաղի ընթացքում։ Ի՞նչ էր պատահել իրականում։
– Ես անձամբ կարծում եմ, որ դա սադրանք էր Ռոբերտ Արզումանյանի կողմից։ Ցավոք սրտի, Եղիշե Մելիքյանը չկարողացավ իրեն հետ պահել այդ սադրանքին պատասխանելուց։ Այսպիսի միջադեպերը չեն գեղեցկացնում հայկական ֆուտբոլը, որովհետև հիմնականում պայքարը պետք է լինի խաղադաշտում։
– Բայց չէ՞ որ ֆուտբոլը նաև էմոցիոնալ սպորտ է։
– Ընդհանուր առմամբ ֆուտբոլը էմոցիա է խաղադաշտում լարված պայքարի ընթացքում։ Ճիշտ է, իրավիճակը գեղեցիկ չէ, բայց, անկեղծ ասած, Ռոբերտ Արզումանյանը պետք է ներողություն խնդրի Եղիշե Մելիքյանից այն սադրանքի համար, որը նա հրահրել է։ Ճիշտ է, երկու մարզիչներն էլ ներողություն են խնդրել երկրպագուներից, և դա նույնպես ճիշտ եմ համարում, բայց ճիշտ կլինի ներողություն խնդրի հենց այն մարդը, ով սադրանքը հրահրել է, որպեսզի դա մնա անցյալում, և եթե դա տեղի չունենա, կարծում եմ՝ հարաբերությունները կփչանան։