«Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆա Յուստեն հույս է հայտնել, որ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կվերադառնա կատալոնական ակումբ։
«Ցանկանում եմ, որ Մեսսին վերադառնա: Որպես «Բարսելոնայի» երկրպագու՝ ես շնորհակալ եմ նրան այն ամենի համար, ինչ նա տվել է ակումբին, քանի որ նա ակադեմիայի սան է և միշտ ճիշտ վերաբերմունք է ունեցել թիմի նկատմամբ։
Լավ պատմությունները պետք է լավ ավարտվեն: Մենք բոլորս ուրախ կլինենք, եթե Մեսսին վերադառնա: Իհարկե, ամեն ինչ կախված է նրա որոշումից, բայց մենք ուրախ կլինենք, եթե նրան տեսնենք թիմում հաջորդ մրցաշրջանում»,- Ռաֆա Յուստենի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Նշենք, որ Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում: