Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպմանը Մանչեսթեր «Սիթին» Սանտիագո Բեռնաբեուում կարողացավ ոչ-ոքի կորզել Մադրիդի «Ռեալից»։ 1-1 հաշիվը, որը ոչինչ չի նշանակում, հոգեբանորեն ավելի լավ վիճակում է դարձնում Պեպ Գվարդիոլայի տղաներին, իսկ Անչելոտտին պիտի մտածի ինչպես հաղթել պատասխան խաղում։
Մինչ խաղի մեկնարկը կանխատեսումները տանում էին հիմնականում անգլիական գրանդի կողմը՝ նշելով, որ այնտեղ է Էրլինգ Հոլանդ գոլահարը, սակայն խաղը և, հատկապես, Ռյուդիգերը ցույց տվեցին, որ նրան չեզոքացնելու խնդիրը լուծված է։ Պատասխան խաղից առաջ «Սիթիին» այս հաշիվը ձեռնտու է այնքանով, որ սեփական դաշտում պետք է միայն հաղթել, ինչի համար կօգնեն նաև երկրպագուները, իսկ Անչելոտտին երկրորդ անգամ անընդմեջ կփորձի կոտրել «Սիթիի» հույսերը։
Այս ամենից հետո կարելի է վերլուծել հանդիպումը ու հասկանալ, թե ինչը խանգարեց կամ օգնեց թիմերին՝ նման հաշիվ գրանցելու համար։
Մանչեսթեր «Սիթիի» «մի գոլանին»
Պեպ Գվարդիոլան այն մարզիչներից է, որ կարող է 5 րոպեում խաղային 3 սխեմա փոխել։ Կարելի է ենթադրել, որ Գվարդիոլայի Պլան Ա-ն այն էր, որ թիմը արագ գոլ խփի ու բացի մադրիդյան թիմի խաղը։ Խաղի սկզբնամասում «Սիթին» ահռելի ճնշում էր մրցակցին, որը չէր կարողանում անգամ դիրքային գրոհ կազմակերպել։ Նման ճնշման ներքո կարողացավ մադրիդյան գրանդը խաղալ ու ընդամենը 15 րոպե անց նրանք սկսեցին տիրել գնդակին ու խաղը վերահսկել։
Սա եղավ այն ժամանակ, երբ Ռոդրիգոն շատ ավելի խորքից սկսեց պաշտպանվել, ինչը 4 կիսապաշտպան էր դարձնում խաղադաշտի կենտրոնում։ Սա հակակշիռ էր ստեղծում «Սիթիի» 3-2-4-1 սխեմային։ «Սիթին» 7 ֆուտբոլիստով էր գրոհում, իսկ «Ռեալը»՝ 8-ով պաշտպանվում։ Հոլանդին վերահսկում էին երկուսով, իսկ մնացածը անհատապես չէին հսկվում, սակայն երկուսը մեկի դեմ դրվագներ քիչ կարելի էր տեսնեել։
Հասկանալով, որ նման սխեման այլևս չի կարող իրականություն դառնալ, Պեպ Գվարդիոլան որոշեց հետ կանգնել Պլան Ա-ից։ Նախորդ հանդիպումների համեմատ՝ նա այս անգամ ուներ նաև Պլան Բ՝ այն է, որ թիմը արհեստականորեն կորցնի խաղի թելն ու տեսնի՝ ինչ է անում մրցակիցը։
Անչելոտտիի ճիշտ որոշումը
Այս խաղի հաշվի գլխավոր դերակատարներից մեկը նաև Անտոնիո Ռյուդիգերն էր, ով կարողացավ փայլուն հանդիպում անցկացնել։ Չլինելով մեկնարկային կազմի խաղացող՝ գերմանացին երեկվա խաղը իր անունով կարող էր գրել, սակայն Կևին դե Բրույնեի հեռահար գոլը խլեց MVP-ի տիտղոսը Ռյուդիգերից։
Գոլի դրվագում կարևոր էր Կամավինգայի ու Մոդրիչի խաղը, որի շնորհիվ էլ ծնվեց «Ռեալի» գոլը։ Վինիսիուսը կարողացավ փայլուն գոլի հեղինակ դառնալ, և ամեն ինչ կարող էր գնալ նրան, որ այդ գոլը միակը լիներ այդ խաղում, սակայն այդպես չեղավ։ «Ռեալի» գոլի դրվագում հենակետայինները ուշացան։ Ռոդրին ու Սթոունզը մոռացել էին, որ պետք է փակեն հարվածի ճանապարհը, իսկ Էդերսոնը նման հարված հետ մղել չէր կարող։
Չնայած խաղային նման հաշվին՝ Պեպ Գվարդիոլան հետաքրքիր միտք է հնչեցրել․ «Երկրորդ խաղում մենք պետք է մի փոքր փոխենք մեր խաղը: Ես մի գաղափար ունեմ»։ Սա խոսում է այն մասին, որ նրանք նախապես որոշել են, թե ինչպիսի սցենարով խաղը ընթանա ու ինչ անել այդ դեպքում երկրորդ խաղում։
«Ռեալի» նոր ձախ պաշտպանը՝ Կամավինգան, ևս խոսել է խաղից․ «Հաջորդ շաբաթ բարդ խաղ է լինելու, նրանք հիանալի թիմ են: Մենք պետք է տառապեք նրանց դեմ : Պետք է հարմարվել այդ խաղին։ Հաջորդ խաղի համար դա 50/50 է : Մենք տանը չենք, բայց պետք է հաղթենք»։
Վինիսիուսի գոլի դրվագում դիրքային սխալ արած Ռոդրին ևս խոսեց խաղից․ «Շատ լավ խաղ էր՝ շատ բարձր մակարդակի թիմերով։ Մենք լավ սկսեցինք, առաջին 30 րոպեները մենք ֆանտաստիկ էինք : Նրանց գոլը եղավ մեր պրեսինգից։ Նույնը տեղի ունեցավ մեզ մոտ, երբ գոլ խփեցինք, և ընդհանուր առմամբ խաղը շատ հավասար էր: Նրանք կարող են վնասել մեզ, և մենք կարող ենք նույնը անել: Մենք այնքան շատ ենք ուսումնասիրում ֆուտբոլը։ Նրանք ունեն հիանալի խաղացողներ: Թիմը մեծ տեղաշարժ կատարեց։ Մենք գնում ենք Մանչեսթեր՝ խաղալու համար ամեն ինչով, մեր երկրպագուները մեզ օգնելու են»։
Որպես ջենթլմենական քայլ Կառլո Անչելոտտին համարում է, որ այս խաղում պետք է այս հաշիվը գրանցվեր․ «Լավ, լավ։ Լավ խաղ էր, և մենք որոշ դրական զգացումներ ունեցանք: Առաջին 30 րոպեներին մենք լավ խաղացինք, իսկ խաղացողները լավ աշխատեցին։ Թիմը լավ խաղաց, ես գոհ եմ։ Մենք ուրախ ենք և ուժեղ մոտիվացիա ունենք հաջորդի համար։ Մենք արժանի էինք հաղթանակի… բայց դա լավ արդյունք է մեզ և Սիթիի համար»։
Կևին դե Բրույնեն էլ այս խաղում ֆանտաստիկ ցուցանիշի հասավ իր ֆանտաստիկ հարվածով։ ՉԼ-ում խփած 14 գոլերից 7-ը ԿԴԲ-ն հեղինակել է տուգանային հրապարակից դուրս հարվածով։ Նա միացել է մանչեսթերյան թիմին 2015/16 մրցաշրջանում։
Երկրորդ խաղակեսը այնպիսին էր, որ պետք է լինեիր թենիսի հանդիպումներին պարտադիր ներկա լինող մեկը, որպեսզի անընդհատ աջ ու ձախ նայեիր գնդակին, քանի որ գննդակը անցնում էր մեկ մի թիմին, մեկ մյուս։
Միգուցե Մադրիդի «Ռեալը» հիասթափված կլինի՝ ոչ-ոքի խաղալով, բայց ընդհանուր առմամբ արդյունքը, հավանաբար, արդար է: Երկու թիմերն էլ ամեն ինչ արեցին խաղում՝ հաղթելու համար։
Ամեն ինչ կորոշվի Մանչեսթերում։