33 տարի անց «Նապոլին» նվաճում է Սկուդետոն։ Վերջին անգամ, երբ «Նապոլին» դարձավ չեմպիոն, Մարադոնան դեռ Նեապոլում էր։ Որքան էլ զարմանալի լինի, այս մեծ ակումբը ընդամենը երրորդ անգամ դարձավ Սերիա Ա–ի չեմպիոն։
1990 թվականից հետո սա «Նապոլիի» լավագույն թիմերից մեկն էր։ Այն, որ թիմը դարձավ Սկուդետոյի տիրակալ, խոսում է այն մասին, որ Լուչիանո Սպալետտին կարողացավ հավաքել ամուր կորիզ, որը կկարողանար գոնե նվաճել այս գավաթը։
33 տարի անց 33 տուրում «Նապոլին» նվաճում է գավաթը, ու սա ունի մի քանի հիմնավոր«պատճառներ», որի շնորհիվ նեապոլիտալացիները դեռ երկար խնջույքներ են անելու։
Լուչիանո Սպալետտին մրցաշրջանի սկզբում պահանջում էր լավ հարձակվող, որը թիմի հիմնական առաջատարը կլինի։ Օսիմհենը լիարժեք այս դերին համապատասխանեց, իսկ Կվարացխելիայի հայտնությունը իսկական նվեր էր և՛ Սպալետտիի, և՛ Օսիմհենի, և՛«Նապոլիի» երկրպագուների համար։
Օսիմհենը Սերիա Ա–ում խփել է 21 գոլ։ Սա արդեն հրաշալի ցուցանիշ է, սակայն էլ ավելի մեծ կարող էր լինել թիվը. Օսիմհենը 22 անգամ վրիպել է 100%-անոց դիրքից, ինչը խոսում է այն հանգամանքի մասին, որ թիմը բազում պահեր է ստեղծել։ Սակայն, անգամ նման մեծ թվով վրիպումներից հետո «Նապոլին» միևնույն է լավագույնն էր Սերիա Ա–ում։ Նա դարձավաֆրիկացի առաջին ֆուտբոլիստը, ով Սերիա Ա–ում 21 գոլ է հեղինակել, և դեռ առջևում կան հանդիպումներ։
«Նապոլիի» չեմպիոնության ամենամեծ «պատճառը» նաև Խվիչա Կվարացխելիան է, ով 12 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ է դարձել Սերիա Ա–ի 2022/23 մրցաշրջանում։ Վրացին համեմում էր թիմի խաղը, արագություն հաղորդում, վտանգավոր պահեր ստեղծում ուերբեմն անձամբ իրացնում։ Վրացու ու նիգերիացու տանդեմը փայլում էր այս տարի, սակայն պետք է նշել, որ մեծ ու սկզբունքային խաղերում չէր կարողանում առավելության հասնել կամ օգտագործել ստեղծած պահերը։ Սա մեծապես խանգարեց Չեմպիոնների Լիգայի խաղարկությունից դուրս մնալուն, քանի որ «Միլանը» գտավ նրանց հակախաղն ու ոգուշնորհիվ շանս չտվեց։
Կարելի է ու պետք է նշել մի քանի կարևոր փաստեր ևս. Լուչիանո Սպալետտին ամենատարեց մարզիչն է, ով նվաճել է Սկուդետոն։ Սպալետտին 64 տարեկան 58 օրական է։ «Նապոլիի» գործադիր տնօրեն Աուրելիո դի Լաուրենտիսն էլ չեմպիոնությունից հետո հայտարարեց. «Լուչիանո Սպալետտին կմնա այստեղ։ Մեր նախագիծը չի ավարտվում այստեղ, սա դեռ սկիզբն է։ Մենք ուզում ենք հաղթել կրկին, կրկին ու կրկին։ Հետո Չեմպիոնների Լիգան է»։
«Նապոլին» մեծ փորձ կուտակեց այս տարի, ֆուտբոլիստները ունեցան մեծ խաղերի փորձ, ու սա գալիք տարի ավելի մեծ ու նշանակալի կլինի այդպիսի խաղերի համար։
«Նապոլին» Իտալիայի չեմպիոնն է։