Հաջորդ շաբաթ մեկնարկում է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի հանդիպումները։ Այս մրցաշրջանը ևս ունեցավ իր դրամատիկ հանդիպումներն ու ֆիասկոները։ Այս ամենի շնորհիվ կամ պատճառով՝ մադրիդյան, մանչեսթերյան ու միլանյան գրանդները վիճարկելու են ականջավոր գավաթը։
Մադրիդի «Ռեալ» – Մանչեսթեր «Սիթի»
Նախորդ մրցաշրջանում այս թիմերի միջև կիսաեզրափակչի հանդիպումը իսկապես խենթացնող էր։ Այս մրցաշրջանում երկու թիմերն էլ զգալի փոխվել են։ Մադրիդի «Ռեալը» այս մրցաշրջանում փաստացի ոչ մի գավաթ չի նվաճել, և նրանք մնացել են միայն ՉԼ-ի ու Կոպա դել Ռեյի խաղարկությունում։ Լա Լիգայում նրանց ևս մեկ պարտությունը կամ կատալոնական թիմի ևս 3 միավորը վերջնական կորոշեն այս հարցը։ Ճիշտ է, ձմռանը մադրիդյան թիմը հաղթեց աշխարի ակումբային առաջնությունը, սակայն դա նախորդ մրցաշրջանի, այսպես ասած, շարունակությունն էր։
Կարելի է ասել, որ Մադրիդի «Ռեալը» գավաթի քաղց ունի, ուստի ՉԼ-ում նրանք կանեն ամեն ինչ՝ հերթական անգամ ապացուցելու՝ որ սա հենց նրանց մրցաշարն է։ Անչելոտտիի սաները Լա Լիգայի վերջին խաղերում վատ են հանդես գալիս, սակայն հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ սա ոչինչ չի նշանակում։ «Ռեալը» այլ կերպ է տրամադրվում ՉԼ-ի հանդիպումներին՝ այն էլ կիսաեզրափակչին։
Մանչեսթեր «Սիթին» իր հերթին ոչ միայն վերադարձավ Անգլիայի Պրեմիեր Լիգայի չեմպիոնական մրցավազքին, այլև այս պահին ամենահավանական ակումբն է, որ կհաղթի ԱՊԼ-ն, քանի որ առաջատար «Արսենալից» հետ է մնում 2 միավորով, սակայն 1 հանդիպում քիչ է անցկացրել։ Պեպ Գվարդիոլան կոնկրետ պետք է տրամադրի թիմին «Ռեալի» դեմ խաղերում, քանի որ նախորդ տարին դեռ թարմ է նրանց հիշողություններում։ Ունենալով Էրլինգ Հոլանդ՝ «Սիթին» դուրս կգա եզրափակիչ փուլ, սակայն «Ռեալը» մինչև վերջին վայրկյանն է պայքարում՝ բառի ուղիղ իմաստով։
«Միլան» – «Ինտեր»
Իտալացի երկրպագուները հանգիստ կարող են լինել, քանի որ նրանք եզրափակչում են, սակայն ում հետ, պարզ չէ։ «Միլան» – «Ինտեր», հանդիպում, որին քչերը կհավատային մինչ ՉԼ-ի այս տարվա մեկնարկը, սակայն արի ու տես, որ նրանք կիսաեզրափակչում են։
Ստեֆանո Պիոլին թիմին իրապես բերեց եվրոպական էլիտա, սակայն տպավորություն է, թե նրանց այդքան էլ «լուրջ» չեն ընդունում։ Ա Սերիայի նախորդ տարվա չեմպիոնը այս տարի չկարողացավ չեմպիոնական պայքարը շարունակել, անգամ նրանք կարող է հաջորդ տարվա ՉԼ-ի խաղարկության չմասնակցեն, ինչը ձախողում կլինի, ուստի «Միլանը» դեռևս երկու ճակատով է պայքարում։
Հաշվի առնելով թիմի կազմն ու խորությունը՝ նրանք դժվար թե կարողանան ֆավորիտ համարվել «Ինտերի» դեմ խաղում, սակայն այս դերբիում թիմերի ու ֆուտբոլիստների մարզավիճակները դրվում են մի կողմ, ու սկսվում է «կռիվը»։ «Միլանը» կարող է իրեն թույլ տալ «դուրս մնալ» կիսաեզրափակչից՝ ՉԼ տեղը պահելու համար, սակայն չի կարող միայն պայքարել ՉԼ-ում՝ ոչինչ չանելով Սերիա Ա-ում։ «Ինտերի» դեմ խաղում, իհարկե, ֆավորիտ չես համարի «Միլանին», սակայն հակառակն էլ դժվար է ասել։
«Ինտերը», ի տարբերություն «Միլանի», կարողացավ վերադառնալ լավագույն քառյակ թե՛ ՉԼ-ում, թե՛ Սերիա Ա-ում։ Սիմոնե Ինձագիի թիմը դեռևս դիմանում է երկու ճակատով պայքարին, սակայն հարց է՝ երբ նրանք տեղի կտան, սակայն մեկ այլ հարց է՝ արդյո՞ք տեղի կտան։ Հենրիխ Մխիթարյանի գլխավորությամբ «Ինտերը» շատ ավելի հստակ ու կայուն ֆուտբոլ է ցուցադրում, քան ՉԼ-ի իրենց մրցակիցը, բայց սա ոչինչ չի նշանակում։
«Ինտերը» կարող է ավելին անել ՉԼ-ում ու Սերիա Ա-ում, սակայն երկուսը միաժամանակ անելը մեծ ջանքեր են պահանջելու ֆուտբոլիստներից ու մարզչից, որը մոտ ապագայում կտեսնենք։ «Ինտերը» «Միլանի» պես ևս պետք է ընտրություն կատարի, որը ամենաբարդն է լինելու։ Իսկ եթե փորձենք ընտրություն անել մենք այս դիմակայության մեջ, իհարկե, կսխալվենք։ Այս դիմակայությունը ամբողջովին երկրպագուների համար է, ուստի նրանց համար հետաքրքիր է լինելու։
Շուտով մեկնարկում են ՉԼ-ի կիսաեզրափակչի հանդիպումները։ Անկախ առաջին խաղում գրանցվելիք հաշիվներից՝ ամեն ինչ պատասխան խաղում է վճռվելու։ Եթե «Միլան» – «Ինտեր» պատասխան խաղում մարզադաշտի «փոփոխություն» չի լինելու, ուստի «Սիթին» այս առումով մի փոքր առավելություն ունի «Ռեալի» նկատմամբ։