«Բարսելոնան» Սերխիո Բուսկետսին առաջարկել է համաձայնել աշխատավարձի 75%-ով կրճատման

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն ակումբից առաջարկ է ստացել երկարաձգելու պայմանագիրը, սակայն որոշակի պայմաններով, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ 34-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը նոր համաձայնագրով կնվազի 75 տոկոսով՝ 30 միլիոն եվրոյից տարեկան 7-8 միլիոնի։

Բուսկետսը «Բարսելոնայի» սան է և ակումբի ներկայիս ավագը։ Նա ակումբի կազմում է 2005 թվականից և այդ ժամանակվանից հասցրել է առաջին թիմի կազմում անցկացնել 713 հանդիպում։

Լրատվամիջոցները հայտնում էին, որ նոր ֆուտբոլիստներ գնելու համար «Բարսելոնան» ստիպված կլինի զգալիորեն կրճատել աշխատավարձի չափը։