19 տարի առաջ այս օրը` Ավստրալիա – Ամերիկյան Սամոա 31-0, թե՞ 32-0 (VIDEO)

19 տարի առաջ այս օրը գրանցվեց ֆուտբոլի պատմության մեջ միջազգային պաշտոնական խաղերում գրանցված ամենախոշոր հաշիվը: Աշխարհի 2002 թվականի առաջնության, Օկեանիայի գոտու ընտրական մրցաշարում միմյանց հետ մրցեցին Ավստրալիան ու Ամերիկյան Սամոան: Խաղն ավարտվեց 31-0 հաշվով, ինչը ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացված պաշտոնական խաղերում գրանցված ամենախոշոր հաշիվն է: Ռեկորդ, որը հնարավոր է երբեք չգերազանցվի: Առաջին խաղակեսն ավարտվեց՝ 16-0:

Այդ խաղում ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդներից մյուսը գրանցեց ավստրալացիների հարձակվող Արչի Թոմփսոնը: Նա 13 գոլ խփեց, որոնցից 8-ն ՝ առաջին կեսում: Թոմփսոնին է պատկանում մեկ խաղի կտրվածքով վերցրած ֆուտբոլի պատմության մեջ արդյունավետության գլխավոր ռեկորդը:

Ավստրալիայի հավաքականի հարձակվողներից մյուսը՝ Դավիդ Զդրիլիչը 8 գոլ խփեց, ինչը նշված ռեկորդների շարքում լավագույն երկրորդ ցուցանիշն է:

Նկարի մեջ ⬇️ Արչի Թոմփսոնն է՝ իր 13 գնդակների հետ միասին:

 

P.S. Հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ խաղավերջում: Հանդիպման վիճակագիրը կորցրել էր հաշվարկը և վերջում պաշտոնապես գրանցել էր 32-0 հաշիվ, իսկ Արչի Թոմփսոնին՝ 14 գոլ, սակայն ժամեր անց խաղի տեսագրությունը դիտելուց հետո ՖԻՖԱ հատուկ գրություն էր ուղարկել, որ խաղն ավարտվել է ոչ թե 32-0, այլ՝ 31-0, իսկ Թոմփսոնը՝ 13 գոլ է խփել:

Ներկայացնում ենք Ավստրալիա – Ամերիկյան Սամոա՝ 31-0 (16-0) ընտրական մրցաշարի խաղի տեսությունը.