Երվանդ Սուքիասյան. «Ամեն ինչ պետք է անենք, որ բարձր գլխով ավարտենք հանդիպումը»

PROFFOOTBALL-ը զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար ավագ Երվանդ Սուքիասյանի հետ։

– Պարոն Սուքիասյան, Դուք Հայաստանի հավաքականի լեգենդար ավագներից մեկն եք եղել։ Պատասխանատվությո՞ւն է Հայաստանի հավաքականի ավագը լինելը։
– 
Ավագ լինելը միշտ պատասխանատվություն է։ Պետք է ավագ լինել ոչ միայն դաշտում, այլև դրանից դուրս։ Միայն թևկապը չէ, որ նշանակում է ավագ։ Բոլորն էլ կարող են կապել թևկապը, սակայն ավագ լինել ոչ բոլորը։ Պետք է հարգես և հարգված լինես ամենուր։

– Ձեր երկու որդիներին հրավիրել են Հայաստանի Մ19 տարեկանների հավաքական։ Նրանք շարունակում են գործը։ Ի՞նչ է նշանակում հրավիրվել Հայաստանի հավաքական ու երբ հրավիրում են արդեն Ձեր որդիներին։
– 
Չեմ կարող նկարագրել այդ զգացողությունները։ Այն մի ուրիշ աշխարհ էր, իսկ իմ որդիներին հրավիրելը՝ այլ աշխարհ։ Պետք է ասեմ, որ իմ որդիներին հրավիրում էին Ուկրաինայի Մ17 տարեկանների հավաքական, բայց նրանք միանգամից մերժեցին առաջարկը։ Նրանք ցանկանում էին խաղալ Հայաստանի մարզաշապիկով։ Նրանք ուրախ են այս հրավերով, ինձնից շատ։ Նրանք ցանկանում են խաղալ, որպեսզի ավելի բարձրացնեն Հայաստանի դրոշը։

– Դուք ապրում եք Ավստրիայում։ Ի՞նչ տարբերություններ կան հայկական ու ավստրիական ֆուտբոլի միջև։
– 
Կարող եմ ասել հետևյալը։ Մեր երեխաները մինչև 15 տարեկանը փայլում են, շատ ավելի ուժեղ են, քան ավստրիացի իրենց տարեկիցները։ Պարզապես գալիս է մի հատված՝ 17-19 տարեկան հատվածը, երբ նրանց ֆուտբոլային աճը կանգնում է։ Չեմ կարող ասել, թե ինչու։ 7-15 տարեկան տարիքում մեր տղաները հրաշալի ֆուտբոլ են խաղում։ Կարծում եմ՝ խնդիրներից մեկը սոցիալական պայմաններն են։ Պետք է այդ տարիքում ուշադիր լինենք մեր ֆուտբոլիստներին։

– Դուք առաջին հայն եք, որ խաղացել եք Չեմպիոնների Լիգայում։ Այդ ժամանակ Կիևի «Դինամոյում» էիք հանդես գալիս։ Կհիշե՞ք այդ հանդիպումը, ի՞նչ զգացողություններ ունեք այդ հանդիպումից հետո, չէ՞ որ այդ հույզերը չեն մոռացվում։
– 1991
թվականն էր, «Արարատից» տեղափոխվեցի Կիևի «Դինամո»։ «Բարսելոնայի» դեմ խաղն էր, բայց ցավոք ես պահեստային նստարանին մնացի։ Այդ խաղում 0-2 պարտվեցինք։ Հաջորդ անգամ մրցում էինք չեխական «Սպարտայի» դեմ։ 35 րոպեին վնասվածք ստացա, սակայն փոխարինվեցի առաջին կեսի ավարտից հետո։ Հանդիպումը հաղթեցինք 1-0 հաշվով։ Այն մեծ քայլ էր իմ կարիերայում։ Այն այլ աշխարհ էր։ Եվրոպական հզոր ակումբում մրցում էիր ավելի հզոր ակումբների՝«Բենֆիկայի», «Բարսելոնայի» դեմ։ Հուզիչ էր։

– Նման չմոռացվող հույզեր մեր հավաքականի շատ ֆուտբոլիստներ ապրելու են Թուրքիայի դեմ տնային հանդիպմանը։ Ի՞նչ կասեք այս խաղի մասին։
– 
Սկսած մեր ժամանակից՝ բոլոր հանդիպումները շատ կարևոր են։ Առաջնահերթ է չքաղաքականացնելը։ Ֆուտբոլ է, կարող է՝ պարտվեն, պետք չէ, որ դրանից հետո մեր ֆուտբոլիստները գլուխները կախ հեռանան։ Մեր տղաները 200%-ով տրամադրվելու են հանդիպմանը։ Պատասխանատվությունը մեծացել է նրանց մեջ։ Աստված տա, որ հաղթենք։ Նրանց 10 միլիոն հայ է դիտելու։ Ամեն ինչ պետք է անենք, որ բարձր գլխով ավարտենք հանդիպումը։

– Ոգևորիչ խոսքեր միշտ պետք են տղաներին։ Ի՞նչ կուզեք ասել մարզչական շտաբին ու ֆուտբոլիստներին։
– 1995
թվականից ճանաչում եմ Պետրակովին։ 2-3 անգամ շփվել եմ նրա հետ։ Մեծ գիտելիքի տեր մասնագետ է։ Հաղթանակ եմ մաղթում թիմին։ Եվ կուզեմ այսպես ասել. Տղերք ջան, ձեր ցավը տանեմ, հպարտանում ենք ձեզնով, շնչում ու ապրում ենք ձեզնով։ Որքան կարող եք, պայքարեք։ Բոլորս ձեզ հետ ենք։