Գաստոն Էդուլ․ «Եվրոպայում Մեսսին չի խաղա այլ ակումբում, բացի «Բարսելոնայից» կամ ՊՍԺ-ից»

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում, այս մասին պատմել է TyC Sports-ի լրագրող Գաստոն Էդուլը։

«Մեսսին ցանկանում է շարունակել իր կարիերան Եվրոպայում՝ օգոստոսին «Ոսկե գնդակի» հստակ թեկնածու լինելու համար, ինչպես նաև լավ մարզավիճակով հանդես գալու 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությունում: Նա նույնպես ցանկանում է հաղթել Չեմպիոնների Լիգայում»,- ասել է Էդուլը:

Լրագրողը նաև հավելել է, որ Եվրոպայում Մեսսին չի խաղա այլ ակումբում, բացի «Բարսելոնայից» կամ ՊՍԺ-ից։ Դա կապված է ընտանեկան հարցերի հետ։

«Ես տեսել եմ, որ «Բարսայի» որոշ երկրպագուներ զայրացած են ինձ վրա՝ հերքելու համար Մեսսիի՝ ակումբի հետ բանակցությունների մասին տեղեկությունը: Նրանք կարծում են, որ ես չեմ սիրում «Բարսելոնան», բայց ես ոչինչ չունեմ այս ակումբի դեմ։  Ես հրապարակում եմ տեղեկատվություն: Հենց հիմա ճշմարտությունն այն է, որ Մեսսիի և «Բարսայի» միջև բանակցություններ չկան:

Մեսսին սիրում է «Բարսելոնան» և քաղաքը, նա ակումբի պատմության ամենամեծ կուռքն է, ուստի շատ բան կարող է պատահել, բայց այս պահին ոչինչ: Առնվազն Մեսսիի շրջապատը հերքում է բոլոր ի հայտ եկած տեղեկությունները»,- ասել է Էդուլը։

Լեոյի գործող պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը, իսկ կողմերը դեռ համաձայնության չեն եկել նոր համաձայնագրի շուրջ։

Այս մրցաշրջանում արգենտինացին բոլոր մրցաշարերում ՊՍԺ-ի կազմում անցկացրած 27 խաղում դարձել է 16 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: