Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի տարվա լավագույն մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2022թ․ լավագույն մարզչի քվեարկության արդյունքները, հայտնում է կառույցի պաշտոնական կայքը:

Հայաստանի տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, որը հավաքել է 94 միավոր:

Երկրորդ տեղում 57 միավորով Վահե Գևորգյանն է, ում գլխավորությամբ «Նորավանքը» 2022 թ. նվաճել է Հայաստանի գավաթը:

31 միավորով երրորդ տեղում է հանգրվանել Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն:

Հիշեցնենք, որ «Փյունիկը» Մելիքյանի գլխավորությամբ այս տարի հասել էր Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ, իսկ հետագայում խաղացել էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում, որտեղ 6 միավորով զբաղեցրել էր երրորդ տեղը և դուրս չէր եկել փլեյ-օֆֆ: