«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը կարծիք է հայտնել ակումբի աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
Հիշեցնենք, որ պորտուգալացին չի մասնակցում «Յունայթեդի» ուսումնամարզական հավաքին։ Նա ավելի վաղ հայտարարել էր, որ կարող է հեռանալ ակումբից։
«Ես չգիտեմ, թե ինչ է ասել Կրիշտիանուն ակումբին և մենեջերին: Չգիտեմ՝ ինչ կա նրա գլխում, թե արդյոք ուզում է հեռանալ։ Ես նրանց այդ մասին չեմ հարցրել։
Ակնհայտ է, որ Կրիշտիանուն նախորդ մրցաշրջանում մեր լավագույն ռմբարկուն էր, նա մեզ գոլեր բերեց: Սակայն դա ոչ թե ես, այլ ակումբն է, որ պետք է ընտրություն կատարի, իսկ Կրիշտիանուն անում է իր ընտրությունը:
Միայն գիտենք, որ նա որոշ ընտանեկան խնդիրներ ուներ։ Միակ բանը, որ ես հարցրի Կրիշտիանուին, երբ նա չներկայացավ, այն էր, թե արդյոք ամեն ինչ կարգին է ընտանիքի հետ: Նա ինձ ասաց, թե ինչ է կատարվում, այսքանը: Մենք պետք է հարգենք նրա որոշումը»,- Ֆերնանդեշի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: