«Բարսելոնայի» հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը 32 տարեկանում ավարտել է միջազգային կարիերան, հայտնում է Mundo Deportivo-ն։
Հարձակվողը Գաբոնի հավաքականի կազմում անցկացրել է 72 հանդիպում, եղել է ազգային թիմի ավագը։ Mundo Deportivo-ն հրապարակել է Օբամեյանգի՝ Գաբոնի ֆուտբոլի ֆեդերացիային ուղղված նամակի տեքստը։
«Իմ երկիրը 13 տարի մեծ հպարտությամբ ներկայացնելուց հետո ես հայտարարում եմ, որ ավարտում եմ միջազգային կարիերաս։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գաբոնի ժողովրդին և բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ ինչպես լավ, այնպես էլ վատ պահերին: Ես շատ լավ հիշողություններ կունենամ, օրինակ՝ այն օրը, երբ իմ նորամուտը նշեցի ազգային հավաքականում, կամ այն օրը, երբ վերադարձա Նիգերիայից՝ աֆրիկյան «Ոսկե գնդակով»:
Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել իմ բոլոր մարզիչներին, անձնակազմին և ֆուտբոլիստներին, որոնց հանդիպել եմ իմ կարիերայի ընթացքում։
Ի վերջո, շնորհակալություն եմ հայտնում հորս, ով իմ մեջ ցանկություն է առաջացրել վարվել այնպես, ինչպես նա կվարվեր: Հուսով եմ, որ նա հպարտ է ինձնով, որ ես կրել եմ այս գույները»,- ասել է Օբամեյանգը: