Ջորջիո Կյելինին հայտարարել է «Յուվենտուսից» հեռանալու մասին

«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին հայտարարել է 2021/22 մրցաշրջանի վերջում թիմից հեռանալու մասին։

«Վերջին 10 տարիները հիանալի էին, և հիմա տղաները պետք է շարունակեն այն, ինչ սկսել են: Ես արեցի այն, ինչ կարող էի և հուսով եմ, որ ինչ-որ բան թողեցի անցյալում: Երկուշաբթի օրը հրաժեշտ կտամ մարզադաշտին, իսկ հետո, եթե դեռ ուժ ունենամ, կարող եմ վերջին անգամ ելույթ ունենալ Ֆլորենցիայում։

Սա 100%-ով իմ ընտրությունն է, և ես ուրախ եմ, որ հեռանում եմ այսքան բարձր մակարդակով: Ես երկար տարիներ ասել եմ, որ չեմ ցանկանում ավարտել այնժամ, երբ այլևս չեմ կարող խաղալ նույն մակարդակով։ Ես տվել եմ ամեն ինչ և շուտով կլինեմ «Յուվենտուսի» ամենանվիրված դրսի երկրպագուն: Այսքան տարիներ ակումբում գտնվելուց հետո չես կարող հենց այնպես ազատվել այս զգացողություններից»,- պաշտպանի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Կյելինին «Յուվենտուս» է տեղափոխվել 2005 թվականին «Ֆիորենտինայից»: Այդ ժամանակվանից ի վեր 35-ամյա ֆուտբոլիստն 9 անգամ հաղթել է Իտալիայի առաջնությունում և 1 անգամ՝ B Սերիայում, 5-ական անգամ էլ նվաճել է Իտալիայի գավաթը ու Սուպերգավաթը։