Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին դարձավ առաջին մարզիչը, ով 5 անգամ դուրս է եկել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։ Իտալացի մասնագետն այս ցուցանիշով շրջանցել է Մարչելո Լիպպիին, սըր Ալեքս Ֆերգյուսոնին և Յուրգեն Կլոպին։ Նրանցից յուրաքանչյուրը 4 անգամ է իր թիմին դուրս բերել մրցաշարի եզրափակիչ։
ՉԼ-ի կիսաեզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» 3:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»: Առաջին հանդիպմանն իսպանացիները պարտվել էին (3:4):
Հավելենք, որ եզրափակչում Կառլո Անչելոտտիի թիմը կմրցի «Լիվերպուլի» հետ: Հանդիպումը կկայանա մայիսի 28-ին՝ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում: