Այս գիշեր կայացավ հյուսիսամերիկյան ընտրական մրցաշարի եզրափակիչ տուրը, որից հետո հայտնի դարձան Քաթարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ևս 2 մասնակից։
Դրանք Մեքսիկայի և ԱՄՆ-ի հավաքականներն են։ Մեքսիկացիները հաղթեցին Սալվադորին (2:0) և 28 միավորով զբաղեցրին 2-րդ տեղը, ամերիկացիները պարտվեցին Կոստա Ռիկային (0:2) ու վաստակած 25 միավորով զբաղեցրին 3-րդ հորիզոնականը։
Ավելի վաղ աշխարհի առաջնության ուղեգիր էր ապահովել Կանադայի հավաքականը, որը եզրափակիչ տուրում պարտվել էր Պանամային (0:1):
Հավելենք, որ 4-րդ տեղը զբաղեցրած Կոստա Ռիկան կմասնակցի ընտրական փուլի փլեյ-օֆֆին՝ Օվկիանիայի գոտու ներկայացուցչի հետ, որը Նոր Զելանդիայի ընտրանին է։